Հարգելի գործընկերներ
Ողջունում եմ ձեզ Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի (ՄՎՀԱ) պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները՝ մեր ասոցիացիայի գործունեության լուսաբանման տեղափոխումն առցանց հարթակ դարձել էր ժամանակի հրամայական։
2014 թվականին հիմնադրված մեր ասոցիացիան արդեն տասը տարի է, ինչ նպաստում է Հայաստանում մաշկավեներաբանության ոլորտի զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք ավելի քան 200 նվիրյալ մասնագետներից բաղկացած մի համայնք, որի յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր ներդրումն ունենալ մեր երկրում մաշկաբանական և վեներաբանական խնդիրների լուծման, ինչպես նաև բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործում։
Մաշկային և վեներական հիվանդությունները լուրջ խնդիր են ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, և դրանց արդյունավետ բուժմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքները գտնվում են ՄՎՀԱ-ի ուշադրության կենտրոնում։ Մեր գործունեության գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում մաշկաբանական և վեներաբանական խնդիրներ ունեցող պացիենտների որակյալ բուժօգնության ապահովմանը։ Այս նպատակին հասնելու համար մենք մշակում և ներդնում ենք նոր ուղեցույցներ, կազմակերպում ենք գիտաժողովներ և այլ կրթական միջոցառումներ՝ ուղղված ինչպես բժիշկների կատարելագործմանը, այնպես էլ հանրության իրազեկմանը։
ՄՎՀԱ-ն միշտ բաց է համագործակցության և նոր առաջարկների համար։ Հրավիրում եմ բոլոր շահագրգիռ կողմերին ներդրում ունենալ հայրենական մաշկավեներաբանության զարգացման գործում։
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՄՎՀԱ բոլոր անդամներին, գործընկերներին և հովանավորներին՝ ընդհանուր նպատակների իրականացման գործում ցուցաբերած նվիրվածության և ջանքերի համար։ Համոզված եմ, որ միասին մենք կկարողանանք բարձրացնել մաշկավեներաբանական ծառայությունների որակը և հասանելիությունը Հայաստանում։
Հարգանքով՝
Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիայի Նախագահ
Կարեն Վարդանյան
